Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա

Նոր, պարտադիր պատվաստում փոքրիկների համար

Նոր, պարտադիր պատվաստում փոքրիկների համար

Հոկտեմբերից նոր, պարտադիր պատվաստում փոքրիկների համար. Պաշտպանվում ենք դիարեայից;

Հայ մանուկներին հոկտեմբերից նոր փորձություն է սպասվում. Ծաղկաձորում ընթացող սեմինարի շրջանակում Առողջապահության նախարարության ու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի մասնագետները ԶԼՄ ներկայացուցիչներին տեղեկացրեցին, որ հոկտեմբերից հանրապետությունում ռոտավիրուսի դեմ պատվաստումների համակարգ կներդրվի` 6-12 շաբաթական երեխաները կպատվաստվեն:
Նշենք, որ ռոտավիրուսները նորածինների և երեխաների շրջանում ծանր փորլուծային հիվանդությունների ամենից տարածված պատճառն են աշխարհում և թե' զարգացած, և թե' զարգացող երկրներում գրեթե յուրաքանչյուր երեխա մինչև հինգ տարեկանը հիվանդանում է ռոտավիրուսային վարակով, իսկ մեծ մասի մոտ զարգանում է գաստրոէնտերիտ:
Ավելացնենք, որ ռոտավիրուսային հիվանդությունը շատ հպավարանցիկ է և հեշտությամբ փոխանցվում է վարակված երեխայից առողջին, անգամ մեծահասակներին:

Հարց է ծագում` ինչպե՞ս կընդունեն ծնողները այս նոր պատվաստման անհրաժեշտությունը` հաշվի առնելով այն վախերը, որ գլուխ են բարձրացնում ամեն անգամ մանկաբույժի մոտ երեխաներին տանելիս:

Բոլորիս էլ հայտնի է, որ ոչ բոլոր ծնողներն են սիրում իրենց երեխաներին պատվաստման տանել ու հիմնականում դա պայմանավորված է այն մտավախությամբ, որ վստահություն չկա պատվաստման նյութերի վերաբերյալ: Նաև` ծնողները շատ հաճախ այն կարծիքին են, որ իրենց երեխաները պարզապես փորձադաշտ են այս կամ այն պատվաստանյութը փորձարկելու համար:

Անդրադառնալով այն մտավախություններին ԱՆ Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նախ նշեց, որ այդ կարծրատիպը տարիների պատմություն ունի ու մեզանում արմատավորվել է դեռևս երկրաշարժից հետո, երբ մեր երկրին տրամադրվող դեղորայքի մեծ մասը իսկապես ժամկետանց էր: Բայց այսօրվա դրությամբ բոլոր պատվաստանյութերը, շեշտեց նա, երկիրը գնում է իր միջոցներով, այնպես որ բացառված է նման տարբերակ. «Առնվազն երեք տարվա պիտանելիության ժամկետ պետք է լինի գնվող դեղորայքի վրա, իսկ եթե կա դեղորայք, որը ընդամենը մեկ տարվա պիտանելիության ժամկետ ունի, ապա Առողջապահության նախարարությունը հատուկ որոշում է կայացնում` ներկրել այդ դեղը թե ոչ: Ու միայն դրանից հետո ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը համաձայնվում է երկիր ներկրել տվյալ դեղորայքը: Մենք ներկրում ենք միայն մեկ տարվա պահանջարկով պատվաստանյութ ու տվյալ տարվա պահանջարկի համաձայն էլ գումար է հատկացվում»,- հավաստիացրեց Գայանե Սահակյանը: Ու նաև ընդգծեց, որ Հայաստանը միայն եվրոպական արտադրության պատվաստանյութ է գնում:

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանն էլ իր խոսքում ասաց, որ շատ է կարևորում այս նոր ներդրումը, քանի որ իրականում ծնողները չեն պատկերացնում, թե որքան լուրջ վտանգ են պարունակում ռոտավիրուսները իրենց երեխաների համար:

Տեղեկացնենք, որ այս նոր պատվաստանյութը չի ներարկվելու, այլ տրվելու է երեխային բերանային ճանապարհով (1 պարկուճը` 1.5 մլ) և կատարվելու է երկու դեղաչափով` առաջին դեղաչափը 6 շաբաթականում, երկրորդ և վերջին դեղաչափը` 12 շաբաթականում:

 

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ